Բանակը զսպում է հակառակորդին և կարողանում զերծ մնալ նրա լայնամասշտաբ գործողություններից. Սեյրան Օհանյան

Երևանի պետական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:

Նախարարը կարևորեց նման հանդիպումների անցկացումը և նշեց, որ բանակի դերակատարությունն անվտանգության համակարգի ձևավորման մեջ առաջնային է:

«Մենք բազմաթիվ սպառնալիքներ ունենք: Անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն է, փոփոխական և արագ կարող է փոխվել այս կամ այն կողմ, բայց ՀՀ Զինված ուժերը, բանակը կարողանում է իր պատրաստվածությամբ, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր համակարգի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղությունը: Բանակը կարողանում է այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որն ստիպում է հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություներից, և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնել մինիմումի»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշեց, որ բանակն ապացուցում է իր անընդհատ կատարելագործվելու ունակությունը և  իր առաջ դրված խնդիրը կատարում է բարձր մակարդակով: Նա ներկայացրեց  2015 թվականի ձեռքբերումները, որոնք ամփոփված են 2016 թվականի իր անձնական ուղերձի մեջ, որը կոչվում է «Առաջարկիր քննարկենք, միասնաբար որոշենք»։

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն, առաջինը ասել՝ բանակը հասարակության հայելին է, քանի որ կարծում է, որ դրանով, կարծես, արդարացնում են այն դեպքերը, որոնք մերթընդմերթ լինում են բանակում, իսկ երկրորդն արգելել է ասել, թե բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/09/Ohanyan/1926059