Սիրիայի դոնորները 1 օրում ավելի քան 10 մլրդ դոլար գումար են հավաքել
Լոնդոնում ավարտվել է Սիրիայի հարցով դոնորական համաժողովը, որի մասնակից երկրները պայմանավորել են 10 մլրդ դոլարից ավելի գումար տրամադրել սիրիացիների համար։
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն այս կապակցությամբ ասել է, որ սա մարդասիրական կարիքների համար 1 օրում հավաքված ամենամեծ գումարն է:
«Վեց մլրդ դոլարը հատկացվելու է 2016թ., ևս 5 մլրդ դոլար փոքր չափաբաժիններով կհատկացվի մինչև 2020թ.»,- մանրամասնել է վարչապետը` հավելելով, որ ստացված գումարի մի մասի շնորհիվ կստեղծվի 1 մլն-ից ավելի աշխատատեղ սիրիացիների համար:
Հավաքված գումարի մի մասն ուղղվելու է մարդասիրական օգնությանը, մի մասը՝ Սիրիայի զարգացման ծրագրերին, ինչպես նաև ընդհանուր 4.5 մլն սիրիացի փախստականների ապաստան տրամադրած Հորդանանին, Լիբանանին և Թուրքիային:
Հայտնի է, որ դոնոր երկրների թվում ամենամեծ նվիրատվությունն արել է ԱՄՆ-ն, որի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է 900 մլն դոլար հատկացնելու որոշման մասին։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/05/donor-syria/1922241