Երևանում Ժողինստիտուտի 24-ամյա ուսանողը Mercedes–ով բախվել է էլեկտրասյանը. մեքենան մատնվել է կրակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչ, 24-ամյա Նորիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 72 ZZ 702 համարանիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում` «Դվին Պանդոկ» հյուրանոցային համալիրի մոտ, բախվել է էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, չի տուժել:
Դեպքի վայր են ժամանել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 և 11 հրշեջ-փրկարարական ջոկատները` 1–ական մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ սպայական ջոկի ավագ տեսուչ Արմեն Ասլանյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչից հետո տեղի է ունեցել վթարը: Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը սովորում է Երևանի Տնտեսագիտական (ժողինստիտուտ) համալսարանում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/02/04/76269/