Արագածավանի սպանության գործով կա ձերբակալված. ՔԿ
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում հունվարի 3-ին ու երեկոյան տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Ըստ ՔԿ հաղորդագրության՝ փետրվարի 3-ին ժամը 23:45-ին «Թալին» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության ավտոմեքենայով իրենց մոտ է բերվել 2 անձի դիակ՝ հրազենային վնասվածքով։
Պարզվել է, որ մահացածները հանդիսանում են Արագածավան գյուղի բնակիչներ՝ Արտյոմ Խամոյանը եւ Վարդգես Գալստյանը։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Օպերատիվ ձեռնարկված անհրաժեշտ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախկինում ձեւավորված անբարյացակամ հարաբերությունների պատճառով փետրվարի 3-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նույն գյուղի բնակիչ, 35-ամյա տղամարդը կրակել է, որի հետեւանքով Արտյոմ Խամոյանը եւ Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խամոյանն ստացել է մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը եւ պահելը)։
Կատարվել է դեպքի վայրի, դիակների զննություն, վերցվել փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել փորձաքննություններ։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է Արագածավան գյուղի 35-ամյա բնակիչ։ Նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։