Վարչապետն Արմեն Երիցյանին հանձնարարեց քննարկել Կոտայքի և Արագածոտնի ՍԾՏԳ-ների ղեկավարներին աշխատանքից ազատելու հարցը

Գործադիր մարմնի այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ փետրվարի 2¬ ին տեղի ունեցած խորհրդակցությանը, որում ներկայացվել էին Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքներն Արագածոտնի և Կոտայքի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում (ՍԾՏԳ):

 

«Խորհրդակցության ընթացքում մանրամասն լսել ենք բոլոր կողմերին, ինձ համար անընդունելի են այն արդարացումները, որ հնչում էին խորհրդակցության ժամանակ, որոնց մեծ մասն անհիմն են: Հանձնարարում եմ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին՝ մարզպետների հետ քննարկել այդ հարցերը, և ես համոզված եմ, որ կան դեպքեր, որտեղ պետք է այդ պաշտոնյաներին ազատել զբաղեցրած պաշտոններից: Հանրությանը պետք է տեղեկացնել այդ ամենի մասին»,-հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները: Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Կոտայքում՝ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում և Եղվարդում գործում է 4 ՍԾՏԳ, մարզում առկա է 9 հազար 912 նպաստառու:

 

ՎՊ-ի կողմից ստուգումներն իրականացվել են 2014 թվականի հունվարի 1-ից 2015 թ.-ի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում: 9 հազար 912 նպաստառու ընտանիքների գործերից ՎՊ-ն ուսումնասիրել է 6 հազար 753-ը, հայտնաբերել 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում:
Ինչ վերաբերում է Արագածոտնի մարզին, Իշխան Զաքարյանն ասել է, որ Աշտարակում, Ապարանում, Թալինում և Ծաղկահովիտում գործում են 4 ՍԾՏԳ-ներ, մարզում գրանցված է 7 հազար 769 նպաստառու ընտանիք: ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել 2014 թ.-ի հունվարի 1-ից 2015 թ.-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրվել է 5 հազար 492 նպաստառու ընտանիքի գործ, հայտնաբերվել՝ 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում:

 

Նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանն ավելացրեց նաև, որ իր համար ընդունելի է Վերահսկիչ պալատի խորհրդի՝ բոլոր սոցիալական ծառայություններում ստուգումներ իրականացնելու որոշումը: Վարչապետի խոսքերով՝ դա այն ոլորտն է, որտեղ անաչառությունը պետք է անպայման ապահովվի, ինչպես նաև մնացած բոլոր ոլորտներում: