Մեկ ամիս առաջ Ոսկեպարում ականի պայթյունից տուժածները դուրս են գրվել, բայց դեռ բժշկի հսկողության տակ են
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 2015թ. դեկտեմբերի 18-ին ականի պայթյունի հետեւանքով վիրավորում ստացած` Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչներ` 50-ամյա Արշալույս Սահակյանն ու 61-ամյա Արտավազդ Կարապետյանն արդեն 1 ամիս է դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն դեռ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Արդեն լավ են, տանն են, ժամանակ առ ժամանակ գնում են բժշկի, հսկողության տակ են: Սպասում են, որ վերքերն ապաքինվեն ու անցնե բուժման հաջորդ փուլին»,-ասաց գյուղապետը:
Նշենք, որ ականի պայթյունից վիրավորում ստացած Արշալույս Սահակյանին եւ Արտավազդ Կարապետյանին Նոյեմբերյանի եւ Իջեւանի բժշկական կենտրոնում վիրահատել են. Արշալույս Սահակյանը պայթյունի հետեւանքով կորցրել է ոտնաթաթը, իսկ Արտավազդ Կարապետյանը՝ ոտքն ու ձեռքը: Ավելի ուշ նրանք տեղափոխվել էին Երեւան եւ հետագա բուժումը շարունակել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում եւ Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում 2015թ. դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանքով 2 մարդ վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց։ NEWS.am-ի հետ զրույցում Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը հայտնել էր, որ Բաղանիսի բնակիչներն արգելված գոտին անցել են՝ գետի բերած ավազը տեղափոխելու եւ շինարարության նպատակով օգտագործելու համար: