Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում դասադուլ չկա, իրականացվում է նորմալ դասապրոցես.ԿԳՆ

Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում սահմանված կարգով իրականացվում է նորմալ դասապրոցես: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն` անդրադառնալով քոլեջի ուսանողության` դասադուլի վերաբերյալ արտահայտած կոչերին և ազատված տնօրենին վերադարձնելու վերաբերյալ բաց նամակին:

«Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Լևոն Սահակյանն ազատվել է աշխատանքից` նախարարության ներքին աուդիտի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների, թերությունների և բացթողումների համար»,-տեղեկացրեց Աշոտ Արշակյանը:

«Արմենպրես»-ի դիտարկմանը` հնարավոր է ուսանողների տարածած բաց նամակից հետո Լևոն Սահակյանը վերադառնա նախկին պաշտոնին, Աշոտ Արշակյանը նշեց. «Ոչ, հնարավոր չէ: Վերադարձի մասին որևէ խոսք լինել չի կարող»:

Քոլեջն արդեն իսկ ժամանակավոր պաշտոնակատար ունի:

«Սահմանված ժամկետում արդեն պաշտոնակատար է նշանակվել` փոխտնօրեն Անահիտ Մազմանյանը: Մրցույթ կհայտարարենք, սահմանված ժամկետում այն անձինք, ովքեր բավարարում են տվյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու պահանջներին, իրենց գործերը կներկայացնեն, կմասնակցեն մրցույթի, և արդյունքում հաղթող ճանաչված անձը կնշանակվի տնօրեն»,-նշեց Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետը:

Աշոտ Արշակյանի խոսքով` քոլեջում դասադուլի հետ կապված կոչերն իրականությանը չեն համապատասխանում:

«Առավոտյան սահմանված ժամկետում դասապրոցեսն սկսվել է, որևէ խոչընդոտ կամ որևէ դասադուլ չկա, նորմալ դասապրոցես է իրականացվում ուսումնական հաստատությունում»,-շեշտեց նա:

Լրատվամիջոցներում փետրվարի 1-ին հրապարակվել է քոլեջի ուսանողների բաց նամակը, որն ուղղված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Մենք` Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողներս, ցնցված ենք այն փաստից, որ աշխատանքից ազատվել է մեր քոլեջի տնօրեն Լեւոն Սահակյանը եւ մտահոգված ենք քոլեջի հետագա ճակատագրով: Լեւոն Սահակյանը իր տնօրինության ընթացքում միշտ եղել է ուսանողի կողքին, ամեն ինչ արել է, որպեսզի մենք մեզ լավ զգանք մեր սուղ շենքային պայմանների մեջ, ամեն կերպ աջակցել է պարապմունքների հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը, միշտ ընդառաջել է մեզ` թե որպես տնօրեն, թե որպես դասախոս: Լեւոն Սահակյանը ավելին է եղել, քան սոսկ տնօրենը: Նրա եւ մեր միջեւ միշտ եղել են բարեկամական, ընկերական հարաբերություններ: Պարոն Սահակյանը սրտացավ, ուսանողի խնդիրները ըմբռնող տնօրեն է, նա ջանացել է լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծագել են ուսումնական պրոցեսի ընթացքում, որի շնորհիվ տնօրեն-ուսանող պաշտոնական հարաբերությունները վերածվել էին փոխադարձ հարգանքի եւ սիրո վրա հիմնված շփումների: Հարգելի պարոն Աշոտյան, ակնկալում ենք Ձեր աջակցությունը` Լեւոն Սահակյանին վերականգնելու իր պաշտոնում»,-նշված է բաց նամակում:

Նամակի վերջում նշված է, որ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողները  փետրվարի 1-ից հայտարարում են դասադուլ` մինչեւ իրենց պահանջի բավարարումը:

 

 

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=169301&l=am