«Սանիթեք» ընկերության աշխատակիցը՝ խմած վիճակում
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում 48-ամյա Արմեն Զարգարյանն իր վարած MAN մակնիշի 109 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց-Արտաշատի խճուղի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի ֆգոտուց, արմատախիլ արել մի քանի ծառ, այնուհետև բախվել մայթի բետոնե հատվածներին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 18 փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և 1-03 շտապ օգնության ծառայությունը, սակայն քաղաքացիների ուժերով մեքենայից դոըրս բերված ուղևոր՝ 23-ամյա Արսեն Առուշանյանը տեղում բժշկական օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ չունի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին մեքենայից դուրս են բերել հրշեջները, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի համապատասխան ծառայությունների աշխատակիցները: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենան հաշվառված է «Սանիթեք» ՍՊԸ-ի հաշվեկշռում, իսկ վարորդը տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող Գևորգ Խանաղյանի կարգադրությամբ ենթարկվել է բժշկական փորձաքննության:
Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ` 0.68 աստիճան (խմած) վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված հատվածում տրանսպորտի համար կանգառ է նախատեսված և պարզապես հրաշք էր, որ այդ պահին կանգառում քաղաքացիներ չեն եղել: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև գարեջրի կիսադատարկ շշեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական տ օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Hayeli.am