Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծված Գեղարքունիքի մարզի վրանային հենակետ են դիմել քաղաքացիներ և հայտնել, որ Նորատուս-Երանոս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան մնացել է ձնակույտի մեջ և չի կարողանում շարժվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ մեքենան երթևեկելի գոտի դուրս բերելու համար:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են մարզի փրկարարները՝ մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:

Փրկարարները «Ուրալ» մակնիշի ամենագնացով ճոպանի միջոցով ավտոմեքենան կարողացան դուրս բերել երթևեկելի գոտի, իսկ մինչ այդ քաղաքացիներն իրենք էին փորձում իրենց ուժերով մեքենան դուրս բերել, սակայն ճոպանն անընդհատ պոկվում էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ վարորդն ու նրա ուղևորները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Լավ ա, փրկարարներն էկան: Հույսներս դրել էինք մեր վրա՝ մտածելով, որ մեր ուժերով կկարողանանք դուրս բերենք, թե չէ կարող ա, մինչև կեսգիշեր մնայինք ստեղ, սառեինք ու հիվանդանայինք»:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Է. Գալստյանն էլ ասում էր. «Նախարարի հրամանով ստեղծված վրանային հենակետում ստեղծման օրից մեծ թվով քաղաքացիներ են օգնություն ստացել, այդ թվում՝ բժշկական: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները գիշերել են վրաններում, որտեղ բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարեցված են թե մահճակալներով, թե քնապարկերով: 11 քաղաքացի գիշերել է հենակետում տարբեր օրերին, այդ թվում՝ արտասահմանցիներ, իսկ ընդհանուր առմամբ 60-ից ավելի քաղաքացու անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

47262751ac0ff98c0d56a6461a1f2bda da813d8929fa899c429561b1f01b45ca

 

 

 

 

 

Աղբյուրը` http://shamshyan.com/hy/article/2016/01/22/75191/