Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը շարունակում է մնալ ՀՀ կառավարության օրակարգում

Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը Հայաստանի Հանրապետության կառավարության օրակարգային հարցերից մեկն է: Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Հիմա շատ են խոսակցություններն այն մասին, թե կառավարությունը հրաժարվել է ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումից, սակայն նման բան չկա: Տնտեսական առումով մենք ատոմային էլեկտրաէներգիայից հրաժարվելու ոչ մի պատճառ չունենք»,- ընդգծեց նախարարը:

Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը նախատեսում է մինչև 2023թ. երկարաձգել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը, որից հետո արդեն կառավարությունը կմտածի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մասին:

Երվան Զախարյանը  հավելեց, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե 1000 մեգավատ հզորությամբ նոր էներգաբլոկ, այլ 600 մեգավատ հզորությամբ: «Ռուսաստանում արդեն իսկ սկսել են 600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկներ կառուցել, ուստի մենք բոլոր հնարավորություններն ունենք այս ծրագիրը կյանքի կոչելու համար և չենք պատրաստվում հրաժարվել դրանից»,- եզրափակեց նախարարը:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=165712&l=am