Եվրախորհրդարանի հայտարարությամբ կարևոր ուղերձ հղվեց ԵԽԽՎ-ին՝ սպասվող անընդունելի զեկույցներին ընդառաջ. Ս. Ֆարմանյան
Ստրասբուրգից` Եվրախորհրդարանի շենքից այսօր շատ կարևոր ուղերձ հղվեց մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող շենքում տեղակայված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին` հունվարի 28-ի լիագումար նստաշրջանի օրակարգում առկա 2՝ Միլիցա Մարկովիչի և Ռոբերտ Ուոլթերի անընդունելի զեկույցներին ընդառաջ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) հերթական 16-րդ նիստին մասնակցող ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը:
«Եվրախորհրդարանն այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներով ըստ էության, արձանագրեց, որ լիարժեքորեն աջակցում է ՄԽ համանախագահության կազմին՝ ճանաչելով այն որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող միակ ձևաչափ: Եվ որ շատ ավելի կարևոր է՝ խստորեն կոչ է արվում համաեվրոպական բոլոր կազմակերպություններին ու միջազգային ատյաններին՝ համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում և բանաձևերում, որպեսզի այդ կերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-նշեց պատվիրակության ղեկավարը:
Սամվել Ֆարմանյանը նշեց, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում այսօր առկա է կատարյալ փոխըմբռնման մթնոլորտ և, ըստ պատվիրակության ղեկավարի, եզրափակիչ հայտարարությունը ամենախոսուն վկայությունն է՝ վերաբերելով ոչ միայն Հայաստան-ԵՄ ապագա հարաբերություններին, այլ նաև ոչ պակաս կարևոր այնպիսի հարակից խնդիրներին, ինչպիսիք տարածաշրջանային և ԼՂՀ հակամարտության խնդիրներն են:
Հիշեցնենք, որ փաստաթղթում 16 կետանոց առաջարկների թվում է կետ, որ Եվրախորհրդարանը խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով շարունակվող և մարդկային կորուստների, և հրադադարի համաձայնագրի լուրջ խախտումների աճի ու մարդկային զոհերի համար, ընդգծում է, որ չի կարող որևէ արդարացում լինել բոլոր կողմերի անմեղ քաղաքացիների մահվան դեպքերի և վիրավորների համար, ինչպես նաև աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ինչի ուղղությամբ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հիշեցնում է, որ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 26-ին նշել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները՝ հորդորելով Ադրբեջանին վարվել նույն կերպ, իսկ ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում ունենալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին աջակցելու գործում, որոնց նպատակը խաղաղության, հաշտեցման և վստահության գաղափարների տարածումն է:
Աղբյուրը` tert.am