Ռուսաստանի նախագահը զանգահարել է Սերժ Սարգսյանին
Պուտինը ցավակցել եւ վստահություն է հայտնել
Այսօր հունվարի 18-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Ռուսաստանի Նախագահը եւս մեկ անգամ ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հարազատներին եւ ամբողջ հայ ժողովրդին։
Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ կիրականացվի համակողմանի արդյունավետ քննություն, եւ մեղավորները կկրեն օրենքով նախատեսված պատիժը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ակտիվորեն շարունակելու են դեպքի բոլոր հանգամանքների լիարժեք բացահայտմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները կարեւորել են այս հարցում երկու երկրների իրավապահ մարմինների առավելագույն սերտ համագործակցությունը:
ՌԴ Նախագահը հույս է հայտնել, որ հայ եւ ռուս լավագույն բժիշկների ջանքերի արդյունքում Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած միակ անդամը՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանը, կապաքինվի։ Վլադիմիր Պուտինը նաեւ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան հատուկ բժշկական ինքնաթիռ ուղարկելու՝ երեխայի հետագա բուժումը շարունակելու նպատակով նրան Մոսկվա տեղափոխելու համար։
Նախագահներ Սարգսյանը եւ Պուտինը քննարկել են նաեւ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։