Խոշոր ավտովթար Նուբարաշենի գերեզմանների մոտ.վթարի է ենթարկվել սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը
shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ Նուբարաշենի գերեզմանոցի մուտքի մոտ, բախվել են Lexus մակնիշի 01 CC 002 համարանիշի և Opel մակնիշի 95 AP 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ջանիկ Մարուքյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Lexus-ի վարորդն աշխատում է սեքսապաթոլոգ, իսկ Opel-ինը՝ փրկարար: Այդ տեղեկությունը նույնպես քննչական բաժինը ճշտում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` http://araratnews.am