ՀՀ-ում խոզի գրիպի համաճարակ չկա. հիվանդանոցներում «Տամիֆլյու»-ն անվճար է տրամադրվում. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գրիպի և սուր շնչառական հիվանդություններին՝ հայտարարեց, որ համաճարակ չկա:

«Համաճարակը բավական բարդ հաշվարկի ենթարկվող և բանաձևերով հաշվարկվող ցուցանիշ է: Մասնավորապես, խոսքը գնում է մեկուկես անգամ ավելի հիվանդացության շեմը գերազանցող թվի մասին, և համաճարակ հայտարարվում է, եթե այդ շեմը 4-5 անգամ է գերազանցվում: Այս պահին մեզ մոտ համաճարակ չկա»,- հայտարարեց Արմեն Մուրադյանը:

Արձագանքելով դիտարկմանը, թե բազմաթիվ են բողոքները, որ «Տամիֆլյու» դեղամիջոցն այս օրերին դեղատներում հնարավոր չէ գտնել, Արմեն Մուրադյանը նշեց, որ այդ դեղամիջոցը հատուկ ցուցումներ ու հակացուցումներ ունի և այն դեղամիջոցը չէ, որը կազատի սուր շնչառական հիվանդությունների բոլոր խնդիրներից:

«Բոլոր հիվանդանոցներում անխափան ձևով, անվճար սկզբունքներով տրամադրվել է «Տամիֆլյու»: Երեկվանից սկսած` դեղը եղել է նաև պոլիկլինիկական ցանցում` հաշվի առնելով հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը։ Այն դարձյալ անվճար է տրամադրվում»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե նախկինում դեղը վաճառվել է 6 000 դրամով, նախարարը նկատեց, թե նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2009 թվականից դեղը ներկրվել է Հայաստան և որևէ համապատասխան փաստաթղթում 9 000 դրամից նվազ գին երբևէ չի եղել:

«Դեղատներում այդ դեղը կվաճառվի ոչ ավելի, քան 11 500 դրամ, բայց դա ֆիքսված գին չէ, քանի որ շուկան է թելադրում գինը»,- ասաց նախարարը:

Դարձյալ անդրադառնալով սուր շնչառական հիվանդություններին, Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ 948 հիվանդ գտնվում է հիվանդանոցներում, որոնցից 420-ը՝ թոքաբորբով. նրանցից 213-ը երեխաներ են:

«Հսկողության տակ է գտնվում 114 հղի, որից 38-ը՝ թոքաբորբով: 92 հիվանդ մնում է վերակենդանացման բաժնում, նրանք ինտենսիվ բուժում են ստանում: Առողջապահության համակարգը աշխատել է ծանրաբեռնված, սակայն նվիրվածությամբ և արհեստավարժությամբ: Գրեթե բոլոր ծանր դեպքերի մասով կազմակերպված կոնսիլիումներին անձամբ եմ մասնակցել: Այո՛, 11 կյանք, ցավոք, չի հաջողվել փրկել, չնայած 10-12 օր բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար ու հավատացեք՝ ինքնամոռաց ձևով էին պայքարում»,- նկատեց նախարարը՝ հավելելով, որ դեպքերի մեծ մասը եղել են ուղեկցող հիվանդություններով:

 

 

 

 

Աղբյուրը` tert.am