«Գուդվինի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվողը նախկինում դատված է եղել

Երեւանի «Շենգավիթ» համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում երեկ՝ դեկտեմբերի 24-ին, աշխատակցի սպանության մեջ մեղադրվողի ինքնությունը հայտնի է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 24-ին ժամը 11.35-ին Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 28-ամյա Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է 32-ամյա, նախկինում դատված Կարեն Շահինյանը, որն ավազակությամբ գույք հափշտակելու նպատակով հարձակում կատարելու դիտավորությամբ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 01.00-ից 02.00-ն ընկած ժամանակահատվածում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արթուր Նազարյանի որովայնին, պարանոցին և կրծքավանդակին, սպանել նրան ու հափշտակել գումար:

Դեկտեմբերի 24-ին Կարեն Շահինյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:

 

 

 

 

Աղբյուրը` http://news.am/