ՊՆ նախկին տեղակալ Շիրխանյանը ճանաչել է հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին. մանրամասներ

ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, զինված հանցախմբի գործով կալանավորված Վահան Շիրխանյանը սրտի հետ կապված բավականին լուրջ առողջական խնդիրներ ունի:

Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը:

«Վահան Շիրխանյանը սրտի մի քանի վիրահատություն է տարել: Փաստացի թղթերը ներկայացվել են դատարանին: Դեղերը ևս հանձնվեցին, այդ մասով մենք զգուշացրել ենք քննչական մարմնին, որ ուշադրություն դարձնեն»,-ասաց Տեր-Եսայանը:

Փաստաբանի խոսքով՝ Վահան Շիրխանյանը ճանաչել է խմբից որոշ մարդկանց, մասնավորապես խմբի պարագգլուխ համարվող Արթուր Վարդանյանին:

«Արթուր Վարդանյանի հետ Շիրխանյանը ծանոթացել է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառման ժամանակ է, խմբից մեկ-երկու մարդու ևս ճանաչել է: Շիրխանյանի խոսքով, մտերմություն չի եղել, եղել են մի քանի հանդիպումներ եկեղեցակիական հարցերի հետ կապված, քանի որ նա էլ է  նույն հավատքի տեր մարդ»,-մանրամասնեց փաստաբանը:

Նրա փոխանցմամբ՝ Վահան Շիրխանյանին ձերբակալել են հենց տանը. «Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է երկու որսորդական հրացան, մեկ ատրճանակ՝ իր փամփուշտներով: Այդ ատրճանակը Վազգեն Սարգսյանի նվեր է եղել: Փաստաթղթերը կան, բոլորն օրինական են:  Հայտնաբերվել են նաև որոշ թղթեր, կոմպյուտերներ, դիսկեր»:

Տիգրան-Տեր Եսայանի խոսքով, Շիրխանյանի ընտանիքն այժմ անորոշության մեջ է, նարցն համար տեղի ունեցածն անսպասելի է եղել:

«Վահան Շիրխանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, որը վերաբերվում է խմբի հետ համագործակցելուն: Քննությունը շարունակվում է, խումբը մեծ է, ձերբակալվածները թվով շատ են: Որոշ հարցեր կան, նրբություններ կարող են լինել, որոնք մենք ընթացքում կիմանանք»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Շիրխանյանը ձերբակալվել է դեկտեմբերի 19–ին` ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով։ Ըստ ԱԱԾ–ի` Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի:

ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել։

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Ընդհանուր կալանավորվածների թիվը պաշտոնական տվյալով` 22 է:

 

 

 

 

Աղբյուրը` http://shabat.am/