Տեղեկություն՝ պետպատվերով բուժումների վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կազմակերպությունների պայմանագրային գումարների ամսական համամասնությունների գերազանցման դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է հերթագրման եղանակով։

Բացառություն են հետևյալ ծառայությունները.

անհետաձգելի բժշկական օգնություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն,
հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն,
նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն,
ծննդօգնություն,
արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների):
Հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, ուղեգրի հիման վրա, որը որպես հերթագրումը հավաստող փաստաթուղթ պահվում է բժշկական կազմակերպությունում։ Կատարվում է գրառում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում և հիվանդներին տրվում է հերթագրման թերթիկ` բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում):

Անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով՝ տեղեկացված հիվանդի կամ նրա հարազատի գրավոր համաձայնությամբ:

Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները առողջապահության նախարարություն են ներկայացնում հաշվետվություն բժշկական կազմակերպությունում իրականացվող հերթագրումների մասին: 2015 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերով 2014 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում պետական պատվեր կատարող բժշկական կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների ծավալների վերլուծության, ինչպես նաև բյուջեի կատարման ընթացքի և մինչև ընթացիկ տարեվերջ կանխատեսվող բուժօգնության ծավալների համադրման արդյունքում կանխատեսվել են 2015 թվականի պայմանագրային գումարների շուրջ 3,5 մլրդ դրամի գերակատարումներ։ Վարչապետի համաձայնությամբ առանձին ծրագրերով և առանձին կազմակերպություններում կանխատեսվող թերակատարումների հաշվին կատարված վերաբաշխումների արդյունքում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարներում կատարվել են 2,5 մլրդ դրամի ավելացումներ` վերոնշյալ գերակատարումները մասնակի փոխհատուցելու նպատակով:

 

 

 

Աղբյուրը`  http://yerevan.today