ՀՀ զինանշանում տեխնիկական շտկումներ են արվելու
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Նախագծով կառավարությանը ուզում են լիազորություն տալ սահմանել պետական զինանշանի գործածության դեպքերում օգտագործման տեխնիկայի ընդհանուր պահանջները՝ գունային գամմաները, տարածական, գրաֆիկական տեսքը, չափերը, համամասնությունը: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց՝ անընդհատ շրջանառվում է մամուլում զինանշանի փոփոխության մասին, կարո՞ղ եք պաշտոնապես հայտարարել՝ կա՞ նման բան, կարող՞ է ինչ-որ դետալ իսկապես ուզում են փոխել՝ ավելացնել կամ պակասեցնել այսօրվա մեր զինանշանի մեջ: Փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է իրենց հանձնաժողովում, առայժմ առաջարկներ չեն ներկայացնում զինանշանի փոփոխության մասին. «Խոսքը այս տարիների ընթացքում էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման պատճառով մեր խորհրդանիշների աղավաղման մասին էր: Մենք փորձում ենք էտալոնային մի տարբերակով մաքրել եւ ստանալ զինանշանը»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հստակեցրեց՝ այսինքն, մեր զինանշանի հիմնական տեսքը եւ գաղափարը չի փոխվելու՝ 4 թագավորությունները մնալու են, Նոյյան տապանն իր Արարատով մնալու են, խաչերը մնալու են, այսինքն, շտկումներ են միայն արվելու տեխնիկական, ոչ թե գաղափարական:
Աղբյուրը ՝ http://www.aravot.am