Գյումրիում սպանված Ավետիսյանների անունները ներառված չեն եղել ընտրացուցակներում. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ստուգվել և հերքվել են մամուլում  հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի չափահաս անդամների տվյալները ներառված են եղել ընտրացուցակներում և նրանց փոխարեն կատարվել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մամուլում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2015 թվականի դեկտեմբերի 8-ին Շիրակի մարզի դատախազությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին մամուլում տպագրված «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս «քվեարկել են» վերտառությամբ հոդվածի պատճենը:
Ըստ «Հրապարակ» թերթի՝ խմբագրություն է զանգել Գյումրիի իրենց ընթերցողներից մեկը և ասել, որ «գյումրեցիները խիստ վրդովված են. դեկտեմբերի 6-ին քվեարկության գնացած գյումրեցիները նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ռուս ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն՝ նրանք էլ են «քվեարկել» հօգուտ Սահմանադրության»:
Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր։ Արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոց 188 հասցեում հաշվառված, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող Ավետիսյանների ընտանիքի անդամները նախկինում  ընդգրկված են եղել թիվ 35/38 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում, ովքեր հաշվառումից հանվել են դեռևս 2015 թվականի փետրվարին։
Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոց 188 տանը նախկինում հաշվառված Արաքսյա Անդրանիկի Պողոսյանը՝ ծնված՝ 16.02.1990թ., նշված հասցեի հաշվառումից հանվել է 19.02.2015թ.-ին՝ մահվան կապակցությամբ, Արմեն Սերյոժայի Ավետիսյանը՝ ծնված 11.12.1981թ., նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.-ին՝ մահվան կապակցությամբ, Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը՝ ծնված 22.05.1959թ., նշված հասցեի հաշվառումից հանվել է 27.01.2015թ.-ին՝ մահվան կապակցությամբ, Սերյոժա Կարապետի Ավետիսյանը՝ ծնված 17.12.1961թ. և Աիդա Սերյոժայի Ավետիսյանը՝ ծնված 01.11.1979թ., հաշվառված են եղել Երևանյան խճուղի 1ա շենքի 12 հասցեում, ովքեր 27.01.2015 թվականին հանվել են հաշվառումից՝ մահվան կապակցությամբ:
Հիշյալ անձինք 06.12.2015 թվականի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում չեն եղել։
Վերը նշվածը հիմնավորվել է 35/38 ընտրատեղամասի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները զննելու մասին արձանագրություններով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի անձնագրային բաժանմունքից ստացված թիվ 22/62-571 գրությամբ:
Այսպիսով, գնահատելով նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական հանգամանքներն իրենց թույլատրելիության, վերաբերելիության և ամբողջականության տեսակետից,  հիմնավորված պետք է համարել, որ Արաքսյա Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը Հասմիկ Ավետիսյանը, Սերյոժա Ավետիսյանը և Աիդա Ավետիսյանը 06.12.2015 թվականի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկված չեն եղել, հետևապես՝ բացակայում է հանցագործության դեպքը, և դեկտեմբերի 11-ին որոշում է կայացվել՝ «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս «քվեարկել են» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/