Զոհված զինծառայողը Ռազմական ինստիտուտի սան էր, մայիսին էր վերադարձել Արցախ
Հակառակորդի կրակոցից դեկտեմբերի 8-ին երեկոյան զոհված Գարիկ Ավանեսյանը 6 ամիս առաջ էր ավարտել Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ վերադարձել Արցախ՝ ծառայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԼՂՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի ղեկավար Մարդի Աղաջանյանը, որի համագյուղացին է զոհված զինծառայողը:
«Ռազմական ինստիտուտում է սովորել, մայիսին էր վերադարձել գյուղ եւ անցել ծառայության: Հայրը մի քանի ամիս առաջ էր մահացել, ինքն էլ պահում մորն ու հաշմանդամություն ունեցող եղբորը»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ հացորդագրության՝ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված. հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:
Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 24-ամյա Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:
Աղբյուրը` http://news.am/