«Ամանորի հետ կապված գների բարձրացումը դեռ չի սկսվել, բայց շուտով սպասվում է». Արմեն Պողոսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն անդրադարձան Ամանորին ընդառաջ Հայաստանում գների թանկացմանը:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով, ըստ վիճակագրության, նվազագույն սպառողական զամբյուղը մեզ մոտ կազմում է 60 հազար դրամ, սակայն, ըստ իրենց տվյալների, բնակչության 90 տոկոսի եկամուտը կազմում է դրանից ցածր, հետևաբար՝ բնակչության միայն 10 տոկոսն ունի նվազագույնից բարձր եկամուտ. «Մեզ մոտ մարզերում աղքատությունը կազմում է մոտավորապես 23 տոկոս, իսկ մայրաքաղաքում իրավիճակը մի փոքր ավելի լավ է, իսկ ունևորները 8-10 տոկոս են կազմում, մնացածն ապրում են բավական համեստ ապրելակերպով և Նոր տարվա սեղանը մեծ հարված է այն ընտանիքների համար, որոնց եկամուտները բավականին ցածր են, շատերը պարտք են վերցնում, բանկերից վարկ են վերցնում, որովհետև կա պարտադիր հյուրընկալություն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ մոտ շուկան դեռ ամբողջովին չի կայացել և սպառողների գրպանին մեծ հարված է հասցնում: Ըստ Ահարոն Ադիբեկյանի` դրամի փոխարժեքի նվազման և դեպի Ռուսաստան ապրանքների վաճառքի հետևանքով հնարավոր է, որ գներն արհեստականորեն բարձրանան:
Չնայած այս ամենին՝ սոցիոլոգն ասաց, որ իրենց հարցումները ցույց են տալիս, որ հայերի համար ամենասիրելի տոնը Ամանորն է. «Ասում են, ինպես սկսես, այնպես էլ տարին կշարունակվի, ամեն մարդ ձգտում է, որ Նոր տարվա սեղանին լինեն գոնե մինիմալ մթերքները: Գոնե տարին մեկ 3-5 օր մարդիկ նորմալ սնվում են, ուրախանում, խմում են, որից հետո անցնում են գերհամեստ սննդամակարդակի. ով հասցրել է ձմեռվա պաշար հավաքել, գոնե կարողանում է դիմանալ»,- ասաց նա:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշեց, որ մեզ մոտ գների բարձրացումը դեռ չի սկսվել, բայց շուտով սպասվում է և դա հիմանկանում վերաբերում է Ամանորի սեղանի հետ կապված մթերքներին. «Մեր շուկան փոքր է, առևտուր կազմակերպող ձեռնարկությունները չեն կարողանում մարկետինգն այնպես վարել, որ Նոր տարուն ավելի մեծ քանակ ներկայացնեն»,- ասաց Ա. Պողոսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում դեկտեմբերին եռակի անգամ ավելի ապրանք է սպառվում, քան մյուս ամիսներին, իսկ հունվարին կտրուկ իջնում է և դեկտեմբերի նկատմամբ կազմում է 30 տոկոս:

 

 

Աղբյուրը` http://nyut.am/