Երեկվա ցույցի շարունակությունը
Ցուցարարները բախվելով ոստիկանական պատնեշի վարդի թերթեիկներ լցրեցին նրանց վրա:Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաեւ արդեն ազատության մեջ գտնվող «Ո’չ թալանին» նախաձեռնության անդամները մոտ երկու ժամ Ազատության հրապարակում կազմակերպչական աշխատանքներ իրականացնելուց հետո շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Վերջիններիս պահանջը անփոփոխ է, պայքարի դուրս եկած քաղաքացիները նախագահից պահանջում են չեղյալ հայտարարել հոսանքը թանկացնելու որոշումը։
Նշենք, որ երթի ողջ ընթացքում ցուցարարները վանկարկում էին «ամոթ», «մենք ենք տերը մեր երկրի», «Սերժիկ հեռացիր» արտահայտությունները:
Հարկ է նկատել, որ ցուցարարները, որոնք բացի որոշ վանկարկումմներից որեւէ անկարգության չէին դիմում, սակայն հասնելով Բաղրամյան պողոտայի սկզբնամաս հանդիպեցին պատ կազմած կարմիր բերետավորների, որոնք կոչ էին անում չմոտենալ իրենց: Ի հեճուկս ոստիկանների հորդորների, ցուցարարները մոտեցան եւ վարդի թերթեիկներ լցրեցին ոստիկանների վրա` ասելով, որ իրենք չեն պատրաստվում կոնտակտի մեջ մտնել բերետավորների հետ:
Ի դեպ, իրադարձությունների կիզակետում գտնվող Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ եթե օրենք խախտվի, ապա ոստիկանությունն այսօր եւս կդիմի ցուցարարներին ցրելու իր մեթոդներին:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում գտնվող քաղաքացիները որոշել են անժամկետ նստացույց իրականացնել` մինչեւ կյանքի չկոչվեն իրենց կողմից առաջ քաշված պահանջները: