Ինչպես խուսափել կրծքագեղձի քաղցկեղից
Կրծքագեղձի քաղցկեղը գենետիկայի, արտաքին միջավայրի և կենսակերպի գործոնների ազդեցության հետևանք է։ Օքսֆորդի համալսարանի մասնագետների կարծիքով՝ կրծքի քաղցկեղը կարելի է կանխել։ Օրինակ՝ օրական 15 րոպե ակտիվ մարզանքները կարող են մեկ հինգերորդով նվազեցնել քաղցկեղի առաջացման հավանականությունը, գրում է The Telegraph–ը։ Հետկլիմաքսային փուլում գտնվող 120000 կանանց հետազոտությունը ցույց է տվել, որ եթե կինը օրական վազել է 15-35 րոպե, նրա հիվանդանալու հավանականությունը քիչ է եղել։
Փորձագետները խորհուրդ են տալիս նաև կանոնավորապես բժշկական ստուգում անցնել, որովհետև ամենասարսափելին քաղցկեղի ախտորոշումն է վերջին ստադիաներում։ Քաղցկեղի հավանականությունը 10%-ով նվազեցնում է նաև կրծքով կերակրելը։ Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամը կոչ է անում կրծքով կերակրել նվազագույնը կես տարի։
Իսկ Բոստոնի գիտնականները համարում են, որ կանանց անհրաժեշտ է հրաժարվել ոգելից խմիչքներից։ Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, ալկոհոլն առաջացնում է քաղցկեղի հետ կապված մահերի 15%-ը։ Սպիրտային խմիչքներն ամենաթունավոր նյութերից են։ Վտանգ է ներկայացնում նաև ճարպոտ սննդամթերքը։ Դրանք քաղցկեղի հավանականությունը մեծացնում են մեկ հինգերորդով։
Լոնդոնի համալսարանական քոլեջն ապացուցել է, որ քաշի ավելացումը ևս վտանգավոր է։ Այսպես՝ 10 տարում կիսաշրջազգեստի մեկ չափով մեծանալը կլիմաքսից հետո կրծքի քաղցկեղի հավանականությունը մեծացնում է մեկ երրորդով։