Բրուցելոզը տարածվում է
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու և հիվանդներ վաղաժամ հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվել թե՛ համայնքային կառույցների, թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ:
Նշենք, որ ապրիլի 14-ին հոսպիտալացվել էր 1 հիվանդ: Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ: Բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդի տնային օջախի նկատմամբ, և տան բոլոր անդամների նկատմամբ կազմակերպվել են համապատասխան լաբորատոր հետազոտություններ և սահմանվել բժշկական հսկողություն: Կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է ևս երկու հիվանդ, որոնք նույնպես հոսպիտալացվել են:
Ապրիլի 17-ին և 18-ինՍոլակ համայնքի բրոցելոզի տեսակետից անապահով տնային տնտեսությունների ազգաբնակչության շրջանում իրականացվել են նմուշառումներ (37 նմուշ), որի արդյունքում հիվանդությունը լաբորատոր հաստատվել է ևս 6 անձի մոտ:Պետական պատվերի շրջանակներում կազմակերպվել է նրանց բուժումը:
Սոլակ համայնքում այժմ առկա է 9 հիվանդ, որից 7-ը հոսպիտալացված են: Հիվանդների վիճակը միջին ծանրության է, ունեն առողջացման դրական շարժընթաց: Բնակչության շրջանում իրականացվել է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Այժմ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում Կոտայքի մարզի այլ համայնքերում:Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի:
Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: