Այսօր 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է
28 տարի առաջ դեկտեմբերի 7-ին՝ Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41 րոպե 22,7 վրկ.): Բնական աղետի Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ:
Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթեւան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) եւ Սպիտակում (4հազ) մարդ:
Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը: Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի: Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը:
Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:
Վնասների հիմնական պատճառներն են`
1. Հանրապետության ողջ տարածքում թերագնաատված էր սեյսմիկ վտանգը, քանի որ մասնագետների կողմից այդ գոտու սեյսմիկ վտանգը գնահատված էր 7-8 բալ և դա այն դեպքում, երբ 1988թ երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալ:
2. Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերել է, որ թույլ էին տրված որոշակի սխալներ շենքերի եւ կառույցների նախագծման ժամանակ: Այսինքն` խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները:
3. Ցածր է եղել շինարարության որակը: Կոպտորեն խախտվել է շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չեն համապատասխանել պետստանդարտին:
4. Երկրաշարժի ժամանակ Գյումրի քաղաքի տարածքում գետնի տատանման գերակշռող պարբերության մեծությունը կազմել է մոտավորապես 0,4-0,8 վրկ., որը շատ մոտ է բարձրահարկ շենքերի հիմնական ձևերի սեփական տատանումների պարբերությունների մեծություններին: Նման դեպքերում առաջ են գալիս, այսպես կոչված, ռեզոնանսային անցանկալի երևույթներ` բերելով տատանումների ամպլիտուդաների աճին եւ շատ հաճախակի շենքերի փլուզմանը:
5. Երկրաշարժի տեւողությունը (մինչեւ 5 րոպե) եւ կրկնվող ցնցման փաստը, որի դեպքում շինությունների մեծամասնությունը չհասցրեցին «վերականգնվել» հիմնական ցնցումից:
6. Տատանումների ուղղահայաց բաղադրիչների զգալիությունը:
7. Թերագնահատվել է տարածքի սեյսմիկ վտանգը, հաշվի չեն առնվել տեղանքի ինժեներա-երկրաբանական պայմանների առանձնահատկությունները:
8. Շատ զոհերի պատճառ դարձան փրկարական աշխատանքների ձգձգումն ու ոչ ժամանակին կազմակերպումը:
9. Ազգաբնակչության համապատասխան հմտությունների եւ իրազեկման բացակայությունը էքստրեմալ պայմաններում:
Վեր հանելով հազարավոր անտեղի զոհերի եւ մեծ ավերումների հիմնական պատճառները, նպատակ ունենք ամեն մի քաղաքացու մեջ զգոնություն արթնացնել: Պետք է, թեև ուշացած, բայց հիմնավոր դասեր քաղել մեծ ողբերգությունից, քանի որ թույլ տրված սխալները անհաշիվ են, իսկ սխալներ թույլ տվողները` աններելի :