ՀՅԴ-ն առաջարկում է զինծառայողների հիմնադրամի համար քաղաքացիների աշխատավարձերից գանձել սանդղակով՝ 500-5000-ական ՀՀ դրամ

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» առաջարկում է սանդղակ սահմանել, որպեսզի առաջարկվող ՝ զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին հատկացվող՝ աշխատավարձերից 1000-ական դրամ գանձելու օրինագիծը հավասար չկիրառվի բոլորի նկատմամբ:

Խորհրդարանում հարցի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ այո, կա վստահության խնդիր, անցյալի արատները չկրկնելու խնդիր, բայց պետք է մի տեղից սկսել:

«Ինչո՞ւ այս նախագիծը հենց այդ առիթներից մեկը չէ։ Ամեն ինչից խոսելու փոխարեն ավելի ճիշտ չէ՞ բարելավել օրենքը, վստահության մթնոլորտ ձևավորել: Սանդղակ սահմանելու սկզբունքին կողմ ենք: Առաջարկում ենք հետևյալը՝ նվազագույն աշխատավարձից բարձր, բայց մինչև 100 հազար դրամ ստացողների համար սահմանել՝ 500 դրամ, 100 հազարից-200 հազար ստացողների համար՝ 1000 դրամ, 200 հազարից — 500 հազար դրամ աշխատավարձի պարագայում՝ 2000 դրամ, իսկ 500 հազար բարձր աշխատավարձերի պարագայում՝ 5000 դրամ»,- մանրամասնեց նա:

Հարցի խորհրդարանական քննարկումներին անդրադառնալով՝ Աղվան Վարդանյանը նկատեց. «Ամեն ինչից կարելի է խոսել, դժգոհել, բողոքել, շահարկել, ամբոխավարություն անել: Լեզուն ոսկոր չունի, մանավանդ ընտրություններ են մոտենում, պատասխանատվության զգացումը կարծես հեռանում է այս դահլիճից, տնավորվում է խոսքի ու գործի հակասականությունը»:

Պատգամավորն ասաց, որ ապրիլյան օրերից հետո վստահության պակասը խառնաշփոթ ստեղծեց, օգնում էին՝ ով ում գտնում էր, բայց կազմակերպված մեխանիզմ չկար: Իսկ նախորդ պատերազմի մասնակիցների պարագայում շատ ավել բարդ իրավիճակ է. «Մոտ 1000 մարդ է մասնակցել Շուշիի ազատագրմանը, բայց 4000-ը մեդալ ունեն, կռված- չկռված՝ ազատամարտիկի թուղթ ունեն, իրական հաշվառում գոյություն չունի, նախորդ կառավարությունը խոստացավ՝ չարեց»:

 

Աղբյուրը`  http://www.tert.am/am/news/2016/11/16/aghvanvardanyan/2194569