Սպանված ոստիկանը գնդապետ Արթուր Վանոյանն է, վիրավորները` ոստիկաններ Արամ Հովհաննիսյանը, Հրաչ Խոստեղյանը, Գագիկ Մկրտչյանը
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա հարձակման ընթացքում սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, հրազենային վիրավորում են ստացել` ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյան և ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Եվս մի քանի հոգի մարմնական վնասվածքներ են ստացել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը` ի լրումն ԱԱԾ պարզաբանումների:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մտել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով արդեն մոտ տասը ժամ է բռնությամբ պահում են այնտեղ գտնվող պատանդներին:
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք պատանդ վերցվածները ոստիկանության ծառայողներ են, թվով 7 հոգի, այդ թվում` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Ներկայումս բանակցություններ են վարվում, ոստիկանությունն ու իրավապահ մարմինների այլ ներկայացուցիչներն առաջին իսկ վայրկյանից հորդորել և հորդորում են վերջ տալ այդ գործողություններին, հետ կանգնել այդ հանցավոր մտադրություններից և հանձնվել իշխանություններին:
«Ոստիկանություն և իրավապահ ողջ համակարգը ձեռնարկել և ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցներ, եթե Ոստիկանության հորդորները չլսվեն»,-ասաց Հունան Պողոսյանը:
Նա հավաստիացրեց, որ եթե Ոստիկանության հորդորները չլսվեն, ի վիճակի են վնասազերծելու խմբի անդամներին, քանի որ մարդասպանների հետ այլ ճանապարհով չեն կարող խոսել:
Ի պատասխան հարցի, թե ինչքան ժամանակ է տրվելու նրանց հետ բանակցելու համար, ՀՀ փոխոստիկանապետն ասաց. « Քանի դեռ չենք կորցրել հույսը, բանակցություններով ավարտին հասցնել այս գործընթացը, մենք շարունակելու ենք բանակցել»:
Հիշեցնենք, որ մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ:
Աղբյուրը`tert.am