Սարգսյան-Ալիև հանդիպումը կազմակերպելով՝ ՌԴ-ն չէր փորձում խնդրի կարգավորումը հանել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներից. Իվան Վոլինկին

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին նվիրված Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպմամբ Ռուսաստանը փորձ չէր անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից հանել հիմնահարցի կարգավորումը:  Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Հարցին՝ ինչո՞ւ այդ դեպքում ՌԴ նախագահը հանդիպում կազմակերպեց, Իվան Վոլինկինը պատասխանեց. «Ռուսաստանը աշխատանք է տանում նաև Մինսկի խմբի շրջանակներում, և այլ ֆորմատներ այս հարցում նախատեսված չեն: Սա նախադեպ չէ, երբ հակամարտող կողմերի միջև հանդիպում կազմակերպելու համար միջնորդները ջանքեր են գործադրում: ԱՄՆ-ն, Ֆրանսիան ևս նման հանդիպում կազմակերպել են, մենք էլ հանդիպում ենք նախաձեռնել, ու սա Մխ ձևաչափից դուրս չէ»:

Իվան Վոլինկինը նշեց, որ հանդիպումները հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են, որպեսզի դրանց ընթացքում սերմանվի փոխվստահություն: «Ես հույս ունեմ, որ հակամարտությունը կլուծվի»,-  նշեց դեսպանը:

Հարցին, թե հակամարտության կարգավորման որ փուլում ենք գտնվում, արդյոք մոտեցել ենք կարգավորմանը, թե՝ ոչ, Իվան Վոլինկինը պատասխանեց, որ հիմնահարցը մեկ օրում լուծելի չէ:

«Պետք է աստիճանաբար մոտենանք դրան, կարևորը՝ հանդիպել ու երկխոսել: Ամեն անգամ, երբ հանդիպումներ են լինում, մարդիկ խոսում են, մոտենում են հակամարտության կարգավորմանը»,- շեշտեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2016/07/08/ivan-volinkin/2071817