Թուրքիայի համար վիզայի ազատականացումը դադարեցվել է Էրդողանի ավտորիատրիզմի պատճառով. Մարտին Շուլց
Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը դադարեցվել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտորիտար գործողությունների պատճառով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինում կազմակերպված Eirope Calling համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Վիզայի ազատականացման համար Թուրքիան պետք է համապատասխաներ մի շարք չափանիշների: Սակայն, օրենքների փոփոխություններն ամբողջությամբ չեն կատարվել: Դրանցից մեկն էլ, որը պետք է պարտադիր փոփոխվեր, ահաբեկչության դեմ պայքարի օրենքն է: Այդ օրենքը չփոխելուն զուգահեռ՝ թուրքական ղեկավարությունն այն օգտագործեց պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու համար», -ասել է նա:
Մարտին Շուլցի խոսքով` «Թուրքիայում լրագրողների եւ պատգամավորների նկատմամբ ճնշումները հակասում են ժողովրդավարության բոլոր հիմնարար արժեքներին»:
«Դրանք նախագահ Էրդողանի ավտորիտար գործողությունների միակ օրինակները չեն», -ասել է Եվրախորհրդարանի ղեկավարը` նշելով, որ դժվար թե վերսկսվի Թուրքիայի հետ վիզայի ազատականացման գործընթացը:
«Փախստականների խնդրի հետ կապված՝ Թուրքիայի հետ սերտորեն աշխատելու կողմնակից եմ: Սակայն, դեմ եմ Անկարայի կառավարությանն ամեն տեսակի փոխհատուցում վճարելուն: Հենց այդ պատճառով էլ դադարեցրել եմ Եվրոպայի Խորհրդարանում վիզայի ազատականացման գործընթացը», -ընդգծել է նա:
Աղբյուրը`http://orer.am/?p=210232&l=am