Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Բունդեսթագի նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին և իր գնահատանքն ու երախտագիտությունը հայտնել հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Իր նամակում Նորին Սրբությունը, բարձրորեն արժևորելով պատմական արդարության վերականգնմանն ի նպաստ Գերմանիայի քաղաքական ու հասարակական գործիչների և ողջ ժողովրդի արտահայտած բարի կամքը, մասնավորապես ընդգծել է. «Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված այս բանաձևը կարևոր քայլ է ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ 20-րդ դարասկզբին գործված եղեռնագործության պատմական իրողությունը վերստին փաստելու, այլև կանխարգելելու այդօրինակ ոճիրների կրկնությունը պատմության մեջ: Կայացված որոշումը մեծ վկայություն է և հրավեր համայն աշխարհին` ընդվզելու և մերժելու երկրագնդի տարբեր անկյուններում մարդկության դեմ գործված հանցանքների առնչությամբ դրսևորվող ժխտողական քաղաքականությունը:
Ի դեմս Ձեզ, Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք հղում Գերմանիայի Բունդեսթագի անդամներին և բարեսեր ողջ ժողովրդին` մաղթելով անկոտրում կամք և նախանձախնդրություն մարդկային համընդհանուր արժեքների և իրավունքների պաշտպանության աստվածահաճո առաքելության մեջ»:

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/03/catholicos/2039611