Գերմանիան պետք է ամրագրի իր պատասխանատվությունը Հայոց ցեղասպանության հարցում. Քրիստոֆ Բերգներ

Գերմանիան պետք է ամրագրի իր պատասխանատվության բաժինը 101 տարի առաջ Օսմանյան կայսրության կառավարության կողմից Հայոց ցեղասպանության իրականացման հարցում: Այս մասին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկան ժամանակ իր ելույթում ասել է Բունդեսթագի պատգամավոր, իշխող կոալիցիայի մաս կազմող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ, դոկտոր Քրիստոֆ Բերգները:

«Մենք զգում ենք, որ պարտավոր ենք խոսել ցեղասպանության մասին, որպեսզի պատշաճ ձևով արտացոլենք 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները և հարգանքի տուրք մատուցենք զոհերի հիշատակին: Մենք պետք է ամրագրենք նաև մեր՝ գերմանացիներիս պատասխանատվության բաժինը: Դրա համար մենք կիրառում ենք ցեղասպանություն եզրույթը: Մենք օգտագործում ենք այս եզրույթը, քանի որ չենք ցանկանում, որ նման դեպքերը կրկնվեն»,- նշել է Բերգները:

Պատգամավորը հավելել է, որ 20-րդ դարի սկզբում հայերի նկատմամբ ցեղասպանությունը և դրա անպատժելիությունը հետագայում հանգեցրել է նոր ցեղասպանությունների, կոտորածների ու բռնությունների, որոնք շարունակվում են մինչ օրս: «Մենք մշտապես խեղդվել և շարունակում ենք խեղդվել քաղաքացիական պատերազմների, նոր բռնությունների ու կոտորածների մեջ: Ասածիս վառ օրինակն են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Այդ պատճառով մենք չպետք է բավարարվենք միայն հայերի ցեղասպանության զոհերի հիշատակմամբ, այլ պետք է հստակ խոսենք այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 101 տարի առաջ, վերագնահատանեք այդ ամենը, դասեր քաղենք դրանցից և թույլ չտանք նույն սխալները»,- եզրափակել է գերմանացի պատգամավորը:

Աղբյուրը` http://www.1in.am/1930364.html