Աղոթք ենք բարձրացնում, որ Տերն Իր Աջի հովանին տարածյալ պահի մեր Բանակի մարտիկների ու զորավարների վրա. Գարեգին Բ կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եվ խաղաղության տոնի եւ Շուշիի ազատագրության օրվա առիթով։

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ուղերձեւմ նշված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:

Ազգերի ու պետությունների հետ տոնում ենք պատմական հաղթանակը ֆաշիզմի ու բռնության դեմ պայքարում, որին մասնակցություն բերեցին մեր ժողովրդի բազմահազար զավակներ` հայազգի փառապանծ զորավարներ ու զինվորներ: Տոնում ենք Շուշիի ազատագրումը և հաղթանակը Արցախյան ազատամարտում, որով պաշտպանեցինք մեր ժողովրդի ազատ, արժանապատիվ կյանքի արդար իրավունքը:

Մայիսի 9-ի հաղթական խորհուրդն այսօր առանձնակի զգացումներով է լցնում մեր հոգիները, քանզի հայրենանվիրումի նույն ջերմ ոգով մեր զավակները ապրիլյան օրերին իրենց սխրանքներով դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին` անառիկ պահելով մեր սահմանները:
Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղության Իր շնորհի ներքո պահպանի աշխարհը, մեր հայրենիքն ու ժողովրդին և Իր Աջի հովանին տարածյալ պահի մեր Բանակի մարտիկների ու զորավարների վրա, ովքեր շարունակում են քաջաբար պաշտպանել ազատ ու խաղաղ կյանքը մեր ժողովրդի»:

 

 

Աղբյուրը` http://orer.am/?p=199568&l=am