Ոչինչ աննկատ չէ, հակառակորդի գործողությունները մեզ համար տեսանելի են. Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը շարունակում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զորքերի տեղաշարժ ու կուտակումներ իրականացնել: Այս մասին այսօր կայացած հարցազրույց-ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Կարծում եմ՝ այս պահին դժվար է ասել՝ ինչ կլինի, երբ կլինի. դա հնարավոր չէ: Կարևորն այն է, որ պաշտպանության բանակն իր բոլոր հետախուզական միջոցներով այս ամենին հետևում է: Ոչինչ աննկատ չէ, հակառակորդի գործողությունները մեզ համար տեսանելի են»,- նշեց խոսնակը: Ա. Հովհաննիսյանը հայտնեց,  որ ակտիվ մարտական գործողությունների փուլից հետո պաշտպանության բանակի ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել:  Խոսելով տարածված լուրերի մասին, որ օրերս Հայաստանում զորահավաք է ստեղծվելու, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»: Դիտարկմանը, թե Հայաստանում 80-ականների զենքեր են, ինչպես հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսնակը հակադարձեց. «Աշխարհի լավագույն զենքերը դեռ 80-ականների զենքերն են: Բացարձակ զենք գոյություն չունի, ամեն զենք ունի իր պայքարի մեթոդները, մարտավարական հնարքները, ամեն զենք առաջին անգամ կիրառելուց մի անակնկալ էֆեկտ ունի»:

Աղբյուրը՝ http://armlur.am/524470/