Դավիթ Բաբայանը նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը չի շտապում առաջնագծում հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժերը և կուտակումները գնահատել որպես նոր հարձակման փորձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը, անդրադառնալով ԼՂՀ ՊՆ տարածած հայտարարությանը, ըստ որի` առաջնագծի տարբեր ուղղություններով նկատվում են հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ, ասաց, որ հակառակորդի զինուժի տեղաշարժեր ու կուտակումներ հաճախ են լինում, ինչը գտնվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ: «Զինտեխնիկայի ամեն մի շարժ, երբ մեքենայով կամ մոտոցիկլետով այս կամ այն կողմ են գնում, մենք չպետք է սկսենք ցույց տալ որպես հարձակման փորձ: Չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ բաներ կան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաբայանը: Դավիթ Բաբայանը նաև փոխանցեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է: