Երևանի մետրոպոլիտենում խստացված հսկողություն է

Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ուղևորների պայուսակները ստուգում են: Մեզ զանգահարած քաղաքացիների փոխանցմամբ, մասնավորապես, այն ուղևորները, որոնց պայուսակները համեմատաբար մեծ են լինում, առավել մանրակրկիտ են զննվում: Թե ինչն է այս տարօրինակ նորամուծության պատճառը, ArmLur.am-ը փորձեց պարզել Երևանի մետրոպոլիտենից: Սակայն կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Երևանի քաղաքապետարանից ևս պարզաբանում ստանալ չհաջողվեց. մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ իրավասու չեն այս հարցին պատասխանել: Պատասխան պետք է ստանալ մետրոպոլիտենից: ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ: Վերջինս ևս հստակ պատասխան չտվեց. «Բնական է. մետրոպոլիտենը ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է: Հնարավոր է, որ այդ պատճառով է ավելի խստացված ուշադրություն դարձվում»: Մեր դիտարկմանը, որ հսկողության խստացումը տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ նախկինում նման դեպքեր չեն եղել, Հենրիկ Նավասարդյանը պարզաբանեց. «Պարզապես, ես ոչինչ չեմ կարող ասել: Հնարավոր է ինչ-որ բան է եղել, ինչ-որ ահազանգ են ստացել… Չեմ կարող ասել»: Այդուհանդերձ, ըստ երևույթին` Երևանի մետրոպոլիտենում խստացված հսկողությունը կապված է վերջին օրերին Բրյուսելում տեղի ունեցող իրադարձությունները: Անվտանգության նկատառումներից ելնելով, հավանաբար, նման քայլեր են ձենարկվում: Չմոռանանք նաև այս օրերին դեպի Հայաստան, մասնավորապես, Երևան իրանցիների մեծ հոսքի մասին:

Աղբյուրը՝ http://armlur.am/505852/