ՀՀ մարզպետարանների և ՏԿԱԻՆ պաշտոնական կայքէջերը չեն աշխատում

«Երեկ ողջ օրվա ընթացքում ՀՀ մարզպետարանների պաշտոնական կայքէջերը չէին աշխատում, հասանելի չէին։ Ի դեպ, չէր աշխատում նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության mtaes.am պաշտոնական կայքէջը ևս։ Այս իրավիճակը պարզաբանելու համար «Ժողովուրդ»–ը կապ հաստատեց ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի հետ։ Հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ խնդիրը տեխնիկական է, և առաջիկայում այն կկարգավորվի։
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ, երբ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները իրար միացան, այդ ժամանակ էլ կրկին մարզպետարանների կայքէջերը տևական ժամանակ չէին աշխատում։ Դրանք վերակառուցվում էին։ Այս անգամ էլ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների իրարից առանձնացումը դեռ տեղի չունեցած մարզպետարանների կայքէջերը կրկին խափանվել են։ Փաստորեն, կայքէջերին այս «անկայուն» վիճակն ամենևին էլ դուր չի գալիս»,–գրում է թերթը։

 

Աղբյուրը`orer.am