Կառավարությունը որոշեց. ԱԻՆ-ը եւ տարածքային կառավարումը տարանջատվում են. կլինի ԱԺ արտահերթ նիստ

Հառաստանի կառավարությունն, այսօր՝ փետրվարի 18-ին, հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով մասնավորապես, առաջարկվում է տարանջատել արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման ոլորտները:

Ըստ այդմ, կլինի երկու նախարարություն՝ ԱԻՆ-ը եւ «Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը»:

Որոշմանը կից հիմնավորման մեջ նշվում է, որ օրինագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ:

Նշենք, նաեւ, որ կառավարության որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին փետրվարի 19-ին ժամը 12.00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: