Մահացել է Արման Մանարյանը

image

 

 

Այսօր՝ փետրվարի 16-ին, 87 տարեկան հասակում կյանքից հեռացել է Արման Մանարյանը:

Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան Երվանդ Մանարյանի կրտսեր եղբայրը՝ Արման Մանարյանը, ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 15-ին Թեհրանում։ 1949 թվականին ներգաղթել է Հայաստան։ Սովորել է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա ուսումը շարունակել Երեւանի պետական կոնսերվատորիայում։ Սովորել է նաեւ Համամիութենական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որի ռեժիսորական բաժինն ավարտելուց հետո նվիրվել է կինոֆիլմերի նկարահանման գործին։ 1961-ին նկարահանել է «Տժվժիկ» կարճամետրաժ ֆիլմը։ Դրանից հետո «Կարինե» (1967), «Հեղնար աղբյուր» (1971), «Վերադարձ» (1972), «Մորգանի խնամին», «Բյուրականի աստղադիտարանը» եւ այլ կինոնկարներ։ Գրել է նաեւ ֆիլմերի սցենարներ։

Արման Մանարյանը նաեւ «Սասնա ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղի անիմացիոն ֆիլմի ռեժիսորն է։ Մուլտֆիլմի սցենարը թեեւ գոյություն է ունեցել դեռեւս 1995-ից, սակայն նկարահանումները սկսվել են միայն 2001 թվականից եւ ավարտին հասցվել 2009 թվականին։ Տարեկան հնարավոր է եղել ավարտել ընդամենը 10 րոպեանոց հատված։ «Սասնա ծռեր» մուլտֆիլմի բեմադրող ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Արման Մանարյանն է, բեմադրող նկարիչը՝ Վարդան Զաքարյանը։ Կոմպոզիտորը Արման Մանարյանի որդին է՝ Հայկ Մանարյանը, եւ դաշնակահար ու կոմպոզիտոր Խաչիկ Սահակյանը։ Արտադրությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի։ «Սասնա ծռերի» հերոսների ձայները հնչյունավորել են դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Ժենյա Ավետիսյանը, Երվանդ Մանարյանը եւ ուրիշներ։ Մուլտֆիլմում նաեւ Խորեն Աբրահամյանի ձայնն է հնչում։ Մանարյանը 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի։

Լուրեր Հայաստանից — NEWS.am