Դեղերի շուկան կատարյալ չէ. ԱՆ փոխնախարար

75877

 

 

«Դեղերի շուկան կատարյալ չէ, այն խիստ ասիմետրիկ է ե՛ւ առաջարկի առումով, ե՛ւ պահանջարկի մասով»,- այս մասին այսօր Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված խորհրդարանական լսման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փախնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ խոսելով Կառավարության հեղինակած «Դեղերի մասին» եւ կից օրենքների նախագծերի մասին:

«Ինչո՞ւ է անհրաժեշտ դեղերի շրջանառության շուկայի կարգավորումը, որովհետեւ շուկայում անորակ դեղերի տարածման վտանգ է առաջացնում: Կառավարությունը կարիք ունի դեղերի շրջանառության շուկայում ներդնել ուժեղ կարգավորումներ: Դեղեր օգտագործողը հիմնականում օգտվում է բժշկի կողմից նշանակված դեղերից, եթե օգտագործողն է ընտրում դեղեր, ապա ինքը չունի համապատասխան գիտելիքները, որ ճիշտ ընտրություն կատարի: Հարկադիր խնդիրներ կան դեղերի օգտագործման ոլորտում»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը՝ նշելով, որ «Դեղերի մասին» օրենքը կկարգավորի հարկադիր խնդիրները եւ կկարողանա դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողության բոլոր լծակներն ապահովել:

Առողջապահության փոխնախարարը նշեց, որ Հայաստանում օգտագործվող դեղերի 95 տոկոսը ներմուծվում է, իսկ կանոնակարգումներն առավել խիստ են: «Դեղերի լեզվի խնդիրն է, ամրագրում ենք, որ հայերեն լեզվով ներդիրի բացակայությունը հիմք չէ դեղերի ներմուծումը մերժելու համար»,- ասաց նա:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ «Դեղերի մասի» օրենքի նախագիծը բաղկացած է 10 գլխից: «Նոր օրենքում 55 հասկացությունների ձեւակերպումներ է տված՝ ի տարբերություն գործող օրենքի, որտեղ 19-ն է սահմանված: Գործող օրենքի 17 տարիների ընթացքում առաջացել են բազմաթիվ տարընթերցումներ եւ մեկնաբանություններ»,- ասաց նա:

Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ հիշեցրեց, որ 2015 թվականի մայիս ամսից լայն աշխատանքային խումբ է ստեղծվել, որն աշխատել է այս օրենքների նախագծերի վրա: «Առաջին ընթերցման ժամանակ բավականին շատ առաջարկություններ են եղել: Մինչ երկրորդ ընթերցումը հեղինակների հետ քննարկեցինք հարցերն ու առաջակությունները, որոնք եղել են աշխատանքային խմբի անդամների եւ պատգամավորների կողմից»,- նշեց Արա Բաբլոյանը:

 

 

Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/79628