Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ուսանողը կրկնակի քվեարկելու փորձի համար տուգանվեց կես միլիոն դրամով

եկտեմբերի 6-ին սահմանադրական հանրաքվեի օրը կրկնակի քվեարկելու փորձի համար դատարանի առջեւ կանգնած 19-ամյա Գեւորգ Խաչատրյանը տուգանվել է 500 հազար դրամով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Ժաննա Կոտիկյանը:

Մալաթիա եւ Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը հրապարակել է այսօր՝ փետրվարի 12-ին:

Գեւորգ Խաչատրյանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ: Նա դատարանին միջնորդել է արագացված կարգով քննել իր գործը, ընդունել է մեղադրանքը: Նա փաստաբանին ասել է, որ սկզբունքներից ելնելով է նման բան արել, շատ էր ուզել, որ «Այո»-ն անցնի:

Գեւորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 06.12.2015թ մասնակցելով ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, մեկից ավելի անգամ քվեարկելու նպատակով գնացել է թիվ 8/25 ընտրատեղամաս, փորձել է նորից քվեարկել, սակայն նկատվել է հանձնաժողովի անդամի կողմից:

Լուրեր Հայաստանից — NEWS.am