Եղվարդի մանկապարտեզի գործն ուղարկվել է դատարան

Դատարանը կպարզի մեղավորներին

Եղվարդի մանկապարտեզում 2014թ-ի նոյեմբերին գրանցված մասսայական թունավորման առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը ավարտվել է, եւ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին “Աբովյան” մարզային հեռուստաընկերությանը ասել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Տիրուհի Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ նշված նախադպրոցական հաստատությունում չեն պահպանվել “ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին” ՀՀ օրենքով սահմանված սանիտարահամաճարակային կանոնները, դրանց պահպանման համար պատասխանատու անձանց կողմից դրսեւորվել է հանցավոր անփութություն, չեն իրականացվել սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերացման, կանխման, կենցաղի պայմանների բարելավման, ինչպես նաեւ հիվանդությունների առաջացման եւ տարածման կանխարգելման ուղղությամբ:
Մանկապարտեզում խախտվել են նաեւ ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 12-ի թիվ 42-Ն հրամանով հաստատված` նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
Արդյունքում` թիվ 1 մանկապարտեզի խոհանոցում ստեղծվել է հակասանիտարահամաճարակային իրավիճակ, որը նպաստել է մարդու օրգանիզմի վրա վտանգավոր գործոնների ազդեցությանը` անզգուշությամբ առաջացնելով մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ` քննիչը որոշում է կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին եւ նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին: