Սանիտեք»-ը խոստանում է 72 ժամում մաքրել բոլոր ճանապարհները

Փետրվարի 7 լույս 8-ի գիշերվանից մայրաքաղաք Երեւանում շարունակվող ձյան տեղումներին զուգահեռ «Սանիտեք» ընկերությունը Երեւանի 10 վարչական շրջաններում իրականացնում է ձնամաքրման աշխատանքներ ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փողոցների երթեւեկելի հատվածներում եւ մայթերում: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, ներկայումս Երեւանի փողոցներում աշխատում են ընկերության ավելի քան 60 հատուկ մեքենաներ եւ ավելի քան 500 աշխատակիցներ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որը ձյան տեղումները չեն դադարում, եւ մաքրած ճանապարհները կարող են ձյան թույլ շերտով ծածկվել մինչեւ հաջորդ մաքրումը, «Սանիտեք» ընկերությունը հորդորում է Երեւանի բնակիչներին՝ զգույշ լինել ավտոճանապարհներին եւ դժվարանցանելի ճանապարհահատվածներ նկատելիս՝ տեղեկացնել այդ մասին ընկերության թեժ գծի աշխատակիցներին՝ զանգահարելով 8090 հեռախոսահամարով: «Սանիտեք»-ը վստահեցնում է, որ ձյան տեղումների դադարից հետո 48 ժամվա ընթացքում ամբողջապես մաքրված կլինեն Երեւանի գլխավոր ճանապարհները եւ 72 ժամվա ընթացքում ավարտին կհասցվեն երկրորդական նշանակության ճանապարհների մաքրման աշխատանքները:

Մինչեւ այդ, ընկերությունը կշարունակի արտակարգ ռեժիմով իրականացնել ձնամաքրման աշխատանքներըտեղումներին զուգահեռ: «Սանիտեք»-ը շնորհակալություն է հայտնում Երեւանի բնակիչներին՝ ցուրտ ձմռան պայմաններում գիշեր, թե ցերեկ փողոցներում աշխատող ընկերության աշխատակիցներին օգնելու եւ աջակցելու, երբեմն նաեւ տաք ջուր ու թեյ հյուրասիրելու համար:

Աղբյուրը՝ http://yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=31338