Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները չեն ուզում աշխատել գլխավոր ռեժիսորի հետ

133

 

Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները բողոքում են գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանից, իսկ ռեժիսորը՝ դերասաններից:

Արմեն Մելիքսեթյանը մի քանի օր առաջ բաց նամակով դիմել է Մշակույթի նախարարություն՝   թատրոնի գործունեությունը  ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև կառուցվածքային փոփոխություններ կատարելու խնդրանքով:

Դերասաններն էլ իրենց հերթին դժգոհում են գլխավոր ռեժիսորի աշխատանքից:

Araratnews.am-ի հետ զրույցում  Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասան Մարատ Խաչատրյանը նշեց, որ սպասում են Մշակույթի նախարարության պատասխանին. դերասանները ևս դիմել են նախարարություն՝  Արմեն Մելիքսեթյանին աշխատանքից ազատելու պահանջով.«Մենք այսօր նախարարությունից դեռ պատասխանի ենք սպասում, չնայած այնտեղ մեր պահանջը չբավարարեցին և Արմեն Մելիքսեթյանը շարունակելու է աշխատել թատրոնում: Հիմա ես չեմ պատկերացնում՝ էդ մարդը, որի հետ ժողովներ ենք ունեցել ու իրեն ասել ենք, որ մենք չենք ուզում իր հետ աշխատել, ինչպե՞ս է գալու և սկսի աշխատել 40 հոգու հետ»:

Դերասանի խոսքով՝ Մելիքսեթյանի հետ իրենց բոլոր կամուրջները քանդվել են և այլևս նրա հետ համագործակցել չեն կարող.«Նա ընդհանրապես չի աշխատում. տարիուկես դերասանների մեծ մասն անգործության է մատնված եղել: Այսինքն՝ չեն ներգրավվել ներկայացումներում, իսկ ով էլ որ ներգրավված է եղել՝ 10 ամիս անիմաստ գնացել է փորձերին, ու 10 ամիս հետո, երբ  ներկայացումը  գրեթե ավարտական փուլում էր,  պարոն Մելիքսեթյանը հայտարարեց, որ դա երաժշտական չէ»:

Մարատ Խաչատրյանը փաստում է, որ երբ Արմեն Մելիքսեթյանը եկավ թատրոն, որպես գլխավոր ռեժիսոր, գոհ էր իրենց ներկայացումներից ու դերասաններից.«Ինքը ասում է, որ խաղացանկը չի փոխվում: Է, գլխավոր ռեժիսորը դուք եք՝ պարոն Մելիքսեթյան, դուք պետք է փոխեք, ո՞ւմ եք ասում, որ չի փոխվում: Իր խոսքերում հաջորդ հակասությունն այն է, որ ասում է, թե ներկայացումները ցածրորակ ու անճաշակ են, բայց ինքը, որ նոր եկավ, մի քանի ներկայացում դիտեց, ասաց, որ շատ հետաքրքիր ներկայացումներ են: Հետո ինչո՞ւ դարձավ ցածրորակ՝ մենք չհասկացանք դա: Բացի դա, ես կասեի, որ զրպարտություն է, երբ ասում է, թե ներկայացումները ցուցադրվում են առանց փորձերի: Դա խոսում է նրա մասին, որ մեկուկես տարի ինքը չի հետևել թատրոնի գործունեությանը ու չգիտի, որ արվում են այդ փորձերը՝ թատրոնի 2-րդ ռեժիսորի մասնակցությամբ և գլխավորությամբ»:

Նշենք նաև, որ դերասանի փոխանցմամբ՝ այս պահին ներկայացումներ չկան.«Այսօր մենք կոլեկտիվով այդ հարցն էլ ենք քննարկելու: Ինձ թվում է, որ պետք է խաղանք ներկայացումներում, որովհետև չխաղալ կնշանակի՝ ուրիշի ջրաղացին ջուր լցնել: Բացի դա, չի կարելի այս իրավիճակի պատճառով կորցնել հանդիսատեսին, որովհետև մենք ունենք հանդիսատես, որը սիրում է և ուզում է գալ ներկայացումներին: Միայն անցած տարի մենք ունեցանք 18 հազար հանդիսատես և գումար աշխատեց թատրոնը, որի ցուցանիշները նույնիսկ Մշակույթի նախարարությանն է զարմացրել. պետք չէ հանդիսատեսը տուժի»:

 

 

Աղբյուրը` : http://araratnews.am/petakan-kamerayin-erazhshtakan-thatroni-derasannereh-chen-uzum-ashxatel-glxavor-rezhisori-het/#sthash.uJ8s0ju5.dpuf