ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագիծը քննելու մասին դիմումը ԱԺ էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի վարքագիծը քննելու մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր կայացած նիստում վարույթ է ընդունել: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի կայքից:
Ըստ հանձնաժողովի անդամների եզրակացության՝ դիմողն իր պնդումները հիմնավորում է դիմումին կից ներկայացված նյութով և խնդրում է Հանձնաժողովին որոշում կայացնել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից Կանոնակարգի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը կրող պատգամավորը Facebook-ի օգտատեր Գայանե Շահինյանի գրառմանն ի պատասխան արված արտահայտություններին նշել էր. ««Լսի, այ լակոտ, աչքերդ կհանեմ»:
Նշենք, որ հարցի քննարկման և դրա վերաբերյալ հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու նպատակով հանձնաժողովի ներկայացուցիչ է նշանակել պատգամավոր Խոսրով Հարությունյանին: Փետրվարի 11-ին կայանալիք նիստում հանձնաժողովի անդամները կլսեն դիմող և պատասխանող կողմերի բացատրությունները:

 

 

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/02/01/shushan-petrosyan/1917708