Ահավոր վիճակ. Եթե Սամվել Դարբինյանի որոշումը կատարվի, ինքը կհրկիզվի

Վանաձորի Ուսանողական 90 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Տատյանա Պիսարեւան, որն անչափահաս երեխաներին մուրացկանության դրդելու համար դատապարտվել էր մեկ տարի պայմանական ազատազրկման, սպառնում է հրկիզել իրեն, եթե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որոշումը կատարվի եւ իր երեխաներին ուղարկեն մանկատուն:

Քաղաքապետի՝ հունվարի 13-ին ընդունված որոշումը, որով նա պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով Տատյանա Պիսարեւային զրկել 3 անչափահաս երեխաների նկատմամբ ունեցած ծնողական իրավունքներից եւ երեխաներին ուղարկել Վանաձորի մանկատուն, արդեն 10 օր է՝ այդ սպառնալիքի պատճառով իրականացնել չի հաջողվում:

«Երեխաներին մանկատուն տեղափոխելու հետ կապված մենք համապատասխան գրություններ էինք ուղարկել ոստիկանություն, որպեսզի նրանք էլ մասնակցեն այդ պրոցեսին, հատկապես որ Պիսարեւան անընդհատ ահաբեկում էր, թե ես ինձ կվառեմ, ես ինձ կվնասեմ: Այդ պատճառով այս պրոցեսը մի փոքր ձգձգվեց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գոռ Բադյանը:

Հունվարի 29-ին հերթական անգամ քնարկելով այս հարցը՝ Վանաձորի խնամակալության հանձնաժողովը միաձայն որոշեց սեղմ ժամկետներում երեխաներին տեղափոխել մանկատուն:

Աղբյուրը: http://hartak.am/arm/n-53686#sthash.yRokHukV.dpuf