Առեղծվածային մահ Կոտայքի մարզում. գյուղի 37-ամյա էլեկտրիկին հայտնաբերել են կախված. կինը հայտնում է, որ նրան գիշերը ծեծել են և հափշտակել մոտի գումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 29-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գյուղի 10-րդ փողոցի 24 տանը տղամարդու կախված դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ Կոտայքի ոստիկանապետ Ալբերտ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Արման Գասպարյանը: Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկի սանդուղքների տակ հայտնաբերել են տանտիրոջ՝ 37-ամյա Գ. Ա.-ի դին: Ոստիկաններն ու քննիչները տան բակի մի քանի հատվածներում հայտնաբերել են նաև արյան հետքեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսինը գիշերը տուն է եկել ծեծված, արնաշաղախ վիճակում և հայտնել է, որ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու իր մոտ եղած ողջ գումարը հափշտակել են: Ըստ տեղեկությունների՝ նա Կաթնաղբյուր գյուղում կամ փորձաշրջան էր անցնում, կամ աշխատում էր որպես էլեկտրիկ: Ուներ 1 աղջիկ, իսկ գյուղում էլ նա բնութագրվում էր դրական և իր ընտանիքին նվիրված:

Արդեն առավոտյան կինը, ով ազգությամբ ռուս է, ամուսնուն հայտնաբերել է կախված վիճակում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչյա Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Կոտայքի բաժնի փորձաքրեագետը: Տան դիմաց հայտնաբերվել է նաև մահացածի Mercedes մակնիշի ավտոմեքենան: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

b3c8585197922f5431af831fdb549bdf 2a221434a71de8e4f29240c1ba0b8b51 679f64f876807d2256837a5210adc391 3777c8232fa59671a95ef7ac4968c6d6

 

 

 

© shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/01/29/75749/