Այսօրվա վարկանիշավորումը հավասար է 0-ի. Հյուսիսային համալսարանի ռեկտորը վրդովված է

Կրթության եւ գիտության նախարարության կողմից այսօր ներկայացված ԲՈւՀ-երի վարկանշային ցանկը Հյուսիասյին համալսարանի ռեկտորին վրդովեցրել է: Armtimes.com-ի հետ զրույցում Բորիս Մակիչյանն ասաց, որ չի կարելի ոչ պետական բուհերի եւ պետականների վարկանիշը միասին կազմել: Հիշեցնենք, որ այսօր ներկայացված վարկանշային ցանկի համաձայն, ամենամեծ վարկանիշ ունեցող ԲՈւՀ-ը՝ ԵՊՀ-ն էր ճանաչվել, որին հաջորդում է Հայ-ռուսական սլավոնական համալսարանը, իսկ երրորդը՝ Երեւանի պետական բժշկական համալսարանն է:

«Ամբողջ համակարգի նկատմամբ անարդար վերաբերմունք դրսեւորեցին: Դուրս շպրտեիք մասնավորները, մենակ պետական ԲՈւՀ-երի վարկանիշավորում որոշեիք: Խնդիրը համակարգի նկատմամբ անարդար վերաբերմունքն է»,- ասաց Մակիչյանն ու հավելեց, որ ի տարբերություն պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, մասնավորները զրկված են բազմաթիվ արտոնություններից:

«Մինչ այդ պետք է ոչ պետական բուհերին նույն պայմաններն առաջարկեին եւ նույն կարգով գնահատեին: Պետպատվեր, տարեկետման իրավունքը, պետության կողմից տրամադրված 60 միլիոնը, արտասահամանցի քաղաքացիների կրթության կազմակերպումը: Մեր համալսարանից 70-80 մարդ այս տարի դիմել էին՝ մերժեցի»,- նկատեց ոչ պետական ԲՈւՀ-ի ղեկավարը:

Ըստ Մակիչյանի, այսօրվա վարկանիշավորումը հավասար է 0-ի, եթե հավասար ցուցանիշներով են գնահատում, գործելու հավասար պայմաններ պիտի տան: «Չի կարելի աշակերտին նույն ձեւով գնահատել: Մեկին բերել տաքացած լսարանում նստեցնել, մյուսին՝ դրսում, սառնամանիքում ու գնահատել»,- ասաց նա:

Ըստ վարկանիշի, 4-րդ տեղում է Ամերիկյան համալսարանը, 5-ում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 6-ում՝ Ֆրանսիական համալսարանը, 7-ում՝ Ճարտարապետաշինարարական համալսարանը, 8-ում՝ Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը, 9-ում՝ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը եւ 10-ում ՝ Տնտեսագիտական համալսարանը:

 

 

 

Աղբյուրը` http://armtimes.com/hy/read/78398