Պերմյակովի գործով դատական արտագնա նիստի վայրը չի փոխվի

ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում հունվարի 18-ին տեղի կունենա Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: Դահլիճի հետ կապված փոփոխություն չի լինի, նիստը լինելու է նույն կարգով, ինչ առաջին՝ դեկտեմբերի 18-ին նշանակված նիստի ժամանակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս անգամ, մինչ դատի մեկնարկը, դահլիճում արդեն տեղադրված կլինեն սեղաններ՝ Ավետիսյանների իրավահաջորդների և փաստաբանների համար:

Դատարանի նախագահն, ինչպես առաջին նիստից առաջ, այս անգամ ևս ընդունեց և լսեց լրագրողների այն դիտողությունները, որոնք կապված են ՌԴ 5-րդ կայազորային դատարանում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում, դատական դահլիճի, լրագրողների դատարանում ներկա գտնվելու պայմանների ու տեխնիկական խնդիրների հետ: Լրագրողները ներկայացրեցին տեխնիկական խնդիրները՝ հինմնականում լսելիության թերության հետ կապված: Լրագրողները տեղեկացրին, որ ինչպես խոստացված էր նախորդ նիստին, ձայնասփյուռ տեղադրված էր, բայց որոշակի թերության պատճառով, հատկապես ուղիղ եթերներ ապահովվող լրատվամիջոցները ձայնի խնդիր, այնուամենայնիվ, ունեցել են: Գագիկ Հովհաննիսյանը խոստացավ լուծել այդ հարցը:

Նա նշել է, դահլիճի հետ կապված փոփոխություն չի լինի, չկա փոփոխություն նաև լրագրողների աշխատանքի հետ կապված:

Ինչպես նախորդ նիստի ժամանակ այս անգամ ևս չի լինի նկարահանման ուղղորդում, չի արգելվի նիստի ժամանակ լրագրողի մուտքն ու ելքը դատարանի դահլիճից և կթույլատրվի պահել հեռախոսները՝ հաշվի առնելով այն, որ շատ լրագրողներ անմիջապես ինֆորմացիան փոխանցում են հեռախոսակապի միջոցով: Ըստ դատարանի նախագահի` անցակետում ևս կարվի ամեն ինչ, որ բարդություներ չլինեն:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը :

 

 

 

Աղբյուրը` 1in.am