Առաջին նախագահը 70 տարեկան է

Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծծնդյան օրն է:

Նա դարձավ 70 տարեկան:

Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանը ծնվել է 1945 թ. հունվարի 9-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Երեւան։ Երեւանում ավարտել է միջնակարգ դպրոցը, 1968թ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի արեւելագիտության բաժինը՝ արաբերեն լեզու եւ գրականություն մասնագիտությամբ։ Ասպիրանտական շրջանն անցել է Լենինգրադում, 1972 թ. Լենինգրադի համալսարանում պաշտպանել թեկնածուական, իսկ 1987 թ. նույն համալսարանում՝ դոկտորական դիսերտացիաներ, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

1972-78 թթ. որպես կրտսեր գիտաշխատող աշխատել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1978-85թթ. վարել Մատենադարանի գիտնական քարտուղարի պաշտոնը, 1985-ից Մատենադարանի ավագ գիտաշխատող է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաեւ մի քանի մեռած լեզուների։ «Հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատությունների, (որոնցից 12-ը առանձին գրքով), որոնք հրապարակվել են հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն անգլերեն, արաբերեն, ճապոներեն լեզուներով եւ վերաբերում են հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, հայ-ասորական մատենագրական, մշակութային եւ պատմական առնչություններին։ Կիլիկյան շրջանին վերաբերող նրա վերջին՝ «Խաչակիրները եւ հայերը» երկու ստվար հատորներով հրապարակված պատմա-քաղաքագիտական հետազոտությունը (հրատ. 2005 եւ 2007 թվականներին) պատմագիտության մեջ նոր ուղղության եւ Հայոց պատմության ուսումնասիրման նոր մեթոդի հիմք է դնում։ 2006 թ. լույս է տեսել նրա քաղաքական ու քաղաքագիտական բնույթի ելույթների, հոդվածների եւ հարցազրույցների «Ընտրանի» ժողովածուն, հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով՝ «Ավազակապետության անատոմիան եւ մեխանիկան» (Երեւան, 2007), «Բարեկամական զրույց» (Երեւան, 2007), «Պատմություն, գաղափարախոսություն, տիպաբանություն» (Երեւան, 2007), «Նախընտրական ծրագիր կամ հանդարտ խոհեր» (Երեւան, 2008) գրքույկները, 2007 թ. հոկտեմբերից մինչեւ 2009թ. մայիս ժամանակահատվածում հանրահավաքային ելույթների, հոդվածների, հարցազրույցների «Վերադարձ» ժողովածուն (Երեւան, 2009), «Հայ-Թուրքական հարաբերություններ» գիրքը (Երեւան, 2009)։

Լեւոն Տեր-Պետրոսյանը ԽՍՀՄ արեւելագետների ընկերակցության (1985), Հայաստանի գրողների միության (1988), Ֆրանսիական Ասիական ընկերության (1989), Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի (1991) անդամ է, Լա Վեռնի (1990), Սոֆիայի (1994) Սորբոնի (1996) եւ Ստրասբուրգի (1996) համալսարանների պատվավոր դոկտոր։

Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահն է, միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ։ Քաղաքական գործունեությունն սկսել է 1960-ական թվականներից, 1966-ին ձերբակալվել եւ մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել ապրիլի 24-ի ցույցին ակտիվ մասնակցության համար։ 1988-ի փետրվարից ղեկավարել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեն, մայիսից ընդգրկվել Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի կազմում, դարձել նրա ամենահեղինակավոր ու ազդեցիկ անդամներից մեկը։ Հանդես է եկել ծրագրային ելույթներով, ինչպես նաեւ ընթացիկ իրադարձությունների ու հնարավոր զարգացումների քաղաքական վերլուծություններով ու դիպուկ կանխատեսումներով։ 1988 թ. դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին ձերբակալվել է եւ վեց ամիս պահվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում։

Նրա գրչին են պատկանում Շարժման տարիներին «Ղարաբաղ» կոմիտեի եւ ՀՀՇ-ի անունով տարածած 100-ից ավելի թռուցիկներ, Շարժման ճնշման տակ ընդունված ՀԽՍՀ ԳԽ որոշումները։ Եղել է Հայոց Համազգային Շարժման հիմնադիր անդամ, նրա վարչության նախագահ։ 1989թ. օգոստոսին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. հուլիսին՝ ԳԽ-ի նախագահության անդամ։ 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականի օգոստոսի 4-ին՝ Գերագույն խորհրդի նախագահ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1991թ. հոկտեմբերի 16-ին ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (83, 4%) ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։ Նույն պաշտոնում վերընտրվել է նաեւ 1996 թ. սեպտեմբերի 22-ին։ Նա 1991-95-ին Բաբկեն Արարքցյանի հետ համատեղ, ղեկավարել է ԳԽ Սահմանադրական հանձնաժողովը, որի մշակած Սահմանադրության տեքստը արժանացել ԳԽ-ի հավանությանը եւ 1995 թ. հուլիսի 5-ին ընդունվել համաժողովրդական հանրաքվեով։