Հունվարի 8-ից տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա. հանրապետության տարածքին մոտենում է հերթական ցիկլոնը

 

Հանրապետության տարածքին է մոտենում հերթական ցիկլոնը. Tert.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող տաք ցիկլոնի ծայրամասերում։ Մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա թույլ ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք, իսկ ահա հունվարի 8-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի կենտրոնում, ինչի արդյունքում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա»,-ասաց նա:

Ըստ Սուրենյանի՝ այս պահին հարավ-արևմուտքից մեր երկիր են ներթափանցում տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը բարձրանում է և կշարունակի բարձրանալ մինչև հունվարի 8-ը ներառյալ:

«Հունվարի 6-7-ին Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի -3…-5, ցերեկը -1…+1 աստիճանի սահմաններում, իսկ ահա հունվարի 8-ին գիշերը սպասվում է -1…-3, ցերեկը 0…+2: Հատկապես ուժեղ կտաքանա Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Արարատյան դաշտում, ինչի արդյունքում այստեղ հունվարի 8-ին սպասվող տեղումները, հնարավոր է, որ լինեն թաց ձյան և անձրևի տեսքով»,-ասաց նա:

Ներկա պահին, Գագիկ Սուրենյանի խոսքով, փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կոտայքի մարզի Սևաբերդ և Ֆանտան գյուղեր տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

«Արարատի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սիսիան քաղաքում առկա է բուք, իսկ Արագածոտնի մարզում մառախուղ է»,-ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուրը` tert.am